«Այդ հրապարակումը ծայրից ծայր հիմարություն է, որովհետև ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ ես նման քայլ չէի կարող կատարել: Ավելին՝ արդյո՞ք իմ պահվածքը վկայում է այն մասին, որ ես խուճապի մեջ եմ և կարող է նման քայլեր ձեռնարկել»,-ELQ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍՀԴԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը:
Հիշեցնենք, ըստ դրա ՝ տիկին Սարգսյանը, իբրև թե, 2017 թ-ի ընտրություններում իր համար ցուցակ ապահովելու նպատակով փորձել է հարաբերություններ վերականգնել Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի Լևոն Զուրաբյանի հետ, սակայն վերջինս ոչ միայն չի ընդունել Լյուդմիլա Սարգսյանին, այլև իր գործավարի միջոցով փոխանցել է հետևյալը` «հավաքարար էիր` մենք քեզ մարդ դարձրինք»: Լ.Սարգսյանը նշեց, որ ավելի քան ակնհայտ է, որ դա հերյուրանք է և ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել իր անվան շուրջ նման աժիոտաժ ստեղծել, նսեմացնել իրեն, բայց ըստ պատգամավորի ՝ դա անհաջող փորձ էր: Լ.Սարգսյանը զարմացավ, թե ինչու լրագրողները հենց Զուրաբյանից չեն հետաքրքրվել, թե որքանով է հրապարակման մեջ ներկայացված իրավիճակը համապատասխանում իրականությանը և էլ ավելի շատ զարմացավ, թե ինչու Լևոն Զուրաբյանն առ այսօր լռում է այս կապակցությամբ. «Հավանաբար նրան դուր է գալիս, որ թեկուզ վիրտուալ, բայց ես կարող էի ինձ նման կերպ պահել: Առավել ևս, փաստեմ, որ ես սեպտեմբերից ի վեր ՀԱԿ խմբակցության հետ որևէ առնչություն չունեմ աշխատանքային առումով: Հետևաբար ուղղակի ծիծաղելի է այն, ինչ ներկայացված է ու հատկապես իմ կենսագրականի մասով»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս հիշեցրեց, որ ինքն անդամագրվել է ՍԴՀԿ և գրեթե անմիջապես իր վրա է ընկել ամբողջ կուսակցության բեռը: Այնպես որ, շարունակեց նա, դժվար թե նման բեռ կարող էր վերցնել այն մարդը, ում վերագրում են մի կարգավիճակ, որ կա հրապարակման մեջ. «Նորից եմ կրկնում ՝ նոր չի, որ ես այս տեսակն եմ, ես միշտ եմ այս տեսակն եղել և իմ նման մարդը կարող էր միշտ շատ ավելի արժանապատիվ աշխատանք գտնել քան այն, ինչ փորձում են վերագրել ինձ: Եվ ամոթ է նաև այն, որ շատ լավ հասկանալով ու տեղյակ լինելով, որ նման փաստ իմ կենսագրության մեջ չի եղել, մարդիկ փորձում են իրենց փոքրոգիությամբ ինձ պիտակավորել: Բայց պիտակը երբեք չի կպնում այն մարդուն, որը դրան արժանի չի ու չի համապատասխանում դրան: Հետևաբար ավելացնելու ոչինչ չունեմ և Աստված իրենց հետ, թող տառապեն իրենց ձախողումներով, իսկ նրանց նման բնութագրումները ինձ որևէ կերպ չեն խանգարելու առաջիկայում»,- հավելեց Լ.Սարգսյանը:
Աննա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Նյութի աղբյուր՝ Elq.am